AM
4 Հունիս 2012 - 10:47 AMT

Հայաստանն ու Չեխիան մեծացնում են ապրանքաշրջանառությունը

Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում չեխական պատվիրակությունը` Չեխիայի ԱԱՊ ղեկավար Պետեր Կուզելիի գլխավորությամբ: Չեխական պատվիրակության այցի շրջանակներում հունիսի 4-ին Չեխիայի և Հայաստանի ԱԱՊ ղեկավարներ Մարտին Սարգսյանն ու Պետեր Կուզելին ստորագրել են առևտրատնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության մասին հուշագիր: «Չնայա, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Չեխիայի միջև գրանցվում է ապրանաքաշրջանառության աճ, այնուամենայնիվ, այդ տեմպերը չեն համապատասխանում առկա հսկայական պոտենցիալին»,-ասել է ՀՀ ԱԱՊ ղեկավարը` փաստաթուղթը ստորագրելուց հետո:

Ծրագրվում է, որ համագործակցության շրջանակներում ստեղծվելու է հանձնաժողով` երկու երկրների արդյունաբերողների մասնակցությամբ, ովքեր զբաղվելու են առկա խնդիրների լուծմամբ, այդ թվում`Չեխիայում բիզնես բացելու, Հայաստանից արտահանումը կազմակերպելու և այլ հարցերի առնչությամբ: Բացի այդ, կկազմակերպվեն նաև արդյունաբերողների փոխադարձ ճանաչողական այցեր:

Ինչպես հաղորդել է Մարտին Սարգսյանը, 2011-ի տվյալներով, 2011թ-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ընդամենը 36 մլն դոլար: Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է չեխական կապիտալով մոտ 11 ընկերություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ավիացիան, սննդարտադրությունը, ինժեներիան: Հայաստանի ԱԱՊ ղեկավարը նաև հրավիրել է չեխ գործարարներին ներդրումներ կատարել Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում:

Հայաստանից Չեխիա է արտահանվում մոլիբդենի, ֆերոմոլիբդենի խտանյութ, խեցգետիններ, պայտաշեն իրեր, ձեռագործ գորգեր, ադամանդներ, կիսաթանկարժեք քարեր և այլն: Ընդ որում, Չեխիայից Հայաստան է ներկրվում քաղցրեղեն, գարեջուր, սննդամթերք, դեղորայք, թուղթ, տրիկոտաժ և այլն:

Իր հերթին Պետեր Կուզելին ընդգծել է, որ համագործակցության մասին հուշագրի ստորագրումը լավ հիմք կծառայի երկկողմ համագործակցության զարգացման համար: «Չեխ արդյունաբերողները պատրաստ են բանակցել այն մասին, թե Հայաստանում որ ոլորտներում ներդրումներ կատարել»,-ասել է նա: Այս առնչությամբ նա հավելել է, որ բանակցություններ կտարվեն նաև փոխադարձ ներդրումներ կատարելիս պաշտպանվածության մասին, Հայաստանի և Չեխիայի միջև առևտրի զարգացման ուղղությամբ: