ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա քննարկում` նվիրված օգտագործվող ինտերնետային հասցեների սպառմանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԳԱԱ լրատվական ծառայությունից` կքննարկվեն Ինտերնետի հայկական հատվածի ցանցային ենթակառուցվածքների և ծառայությունների պատրաստվածությունը նոր IPv6 հաղորդակարգի մեկնարկին:
Քննարկումը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն: Քննարկմանը հրավիրված են այդ ոլորտում Հայաստանի առաջատար ընկերություններ:
Որոշ հաշվարկներով 2015թ-ին Ինտերնետի մուտք ունեցող սարքերի թիվը կանցնի 15 միլիարդը: Ներկա պահին օգտագործվող IPv4 տեսակի հասցեները բավարար չեն: Նոր IPv6 հասցեները հնարավորություն են տալիս Ինտերնետի մուտք տրամադրել ավելի շատ ցանցային սարքերի և համակարգիչների:
Համաշխարհային IPv6 մեկնարկին վերաբերյալ նորություններերը կհրապարակվեն Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի (ASNET-AM) կայքում:






