AM
21 March 2003 - 14:25 AMT

ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԻՐԱՔՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԽԱՂԱՂ ՈՒՂՈՒ ՎՐԱ

Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի (ԿԱՊ) մասնակից երկրների անվտանգության խորհուրդների ղեկավարները Մոսկվայում համատեղ դիմում են ընդունել իրաքյան խնդրի շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ԿԱՊ-ի մասնակից երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 6-րդ նիստի մասնակիցներն անհանգստություն են հայտնել Իրաքում պատերազմական գործողություններ սկսելու կապակցությամբ եւ կոչ են արել խնդիրը լուծումը վերադարձնել խաղաղ ուղու վրա: «Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է արագորեն գտնել իրաքյան հարցի լուծումը` միջազգային իրավունքների սկզբունքների հիման վրա եւ ՄԱԿ-ի հովանու ներքո: Ընդ որում, պետք է հաշվի առնվեն իրաքյան ժողովրդի օրինական շահերը, ինքնիշխանությունը եւ Իրաքի տարածքային ամբողջականությունը»,- ասվում է դիմումում: Նշենք, որ ԿԱՊ-ի մեջ ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Հիշեցնենք, որ ԿԱՊ-ի նիստին Մոսկվայում մասնակցում է ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: