AM
5 Հունիս 2012 - 13:36 AMT

ՀՀ Կենտրոնական բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8 տոկոս

2012 թ. հունիսի 5-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%:

Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ մամլո հաղորդագրությունում, 2012 թ. մայիսին արձանագրվել է 1.3% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 0.5%` ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքից ցածր մակարդակում:

Խորհուրդն արձանագրեց, որ ներկայումս Եվրամիության պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների խորացումը հանգեցրել է մեր հիմնական գործընկեր երկրների, մասնավորապես Եվրամիության և Ռուսաստանի արժույթների նկատմամբ ԱՄՆ դոլարի կտրուկ արժևորմանը, ինչն անդրադարձել է նաև ՀՀ արտարժույթի շուկայի վրա` արտահայտվելով ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկմամբ: Միաժամանակ, համաշխարհային պահանջարկի աճի տեմպերի դանդաղման ռիսկերի ներքո հիմնական հումքային ու պարենային ապրանքների համաշխարհային շուկաներում ձևավորվում է գնանկումային միջավայր:

Ելնելով ներկա իրավիճակից` ԿԲ Խորհուրդը որոշեց առայժմ ձեռնպահ մնալ տոկոսադրույքի միջոցով դրամավարկային պայմանների էլ ավելի թուլացումից: