Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը միացել է տեղեկատվական անվտանգության փորձագետների կոնսորցիումին, որը զբաղվում է DNS Changer վիրուսով ինտերնետի օգտատերերի վարակման հետևանքների վերացմամբ: Այդ վիրուսը օգտատերերին վերուղարկում է կիբերխարդախների կայքեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Facebook-ի մամլո ծառայությանը:
«Facebook-ը մշտապես աշխատում է վնասակար ԾԱ-ից իր օգտատերերի պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ: Արդիական սպառնալիքներից մեկը, որի դեմ մենք պայքարում ենք, կոչվում է DNS Changer»,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Բացի Facebook-ից կոնսորցիումի մեջ մտնում են Trend Micro հակավիրուսային ընկերությունը, At&T և Verizon ամերիկյան տելեկոմ-օպերատորները, Comcast և Time Warner Cable & RoadRunner ընկերությունները, ինչպես նաև մի շարք կորպորացիաներ և հասարակական կազմակերպություններ: