«ԲարՔեմփ Երևան» 2012–ն այս տարի կունենա, workshop–ային, դասընթացային շեշտադրումներ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կազմակերպչական թիմի անդամ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Օրինակ այս տարի ԲարՔեմփի ընթացքում կլինեն լուսանկարչության վարպետության դասեր, DDos հարձակումներից պաշտպանվելու մասին դասընթացներ»,–ասաց Մարտիրոսյանը` նշելով, որ Գյումրիից և Վանաձորից բացի, ԲարՔեմփին կմասնակցեն նաև գորիսեցնիներն ու մարտունեցիները։ Միջոցներ են ներդրվում նաև Արցախից ավելի շատ մասնակիցներ ներգրավվելու համար։
Կազմակերպչական թիմի անդմաները նշեցին, որ արդեն գրանցվել է 1000 մասնակից։ Նրանք հույս ունեն, որ այդ թիվը կհասնի 1300 –ի։
«ԲարՔեմփ Երևանը» կմեկնարկի հունիսի 9-ին և կտևի մինչև 10-ը։ Այն Հայաստանում անց է կացվում 2009 թվականից:
ԲարՔեմփ Երևան 2012-ի հավանավորներն ու աջակիցներն են Լրատվության այլընտրանքային ռեսուրսների ծրագիրը և Ինտերնյուս Հայաստանը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, AtTask, BetConstruct, Be2 ընկերությունները, ռուսաստանյան RIA Novosti գործակալությունը: Միջոցառման գլխավոր գործընկերն է Օրանժ Արմենիան:
Միջոցառման ժամանակ քննարկվում են ՏՏ ոլորտին և համացանցին վերաբերող տարատեսակ հարցեր։
Բարքեմփը կոնֆերանսների անցկացման հատուկ ձև է, որտեղ մասնակիցներն իրենք են ընտրում օրակարգը, այն անցկացվում է ոչ ֆորմալ ձևով, լինում են բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում: