«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնն այս տարի 5-րդ անգամ կմասնակցի «ԴիջիԹեք» բիզնես ֆորումին, որը տեղ է ունենալու հունիսի 15-16-ն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը նշում է, որ նման միջոցառումները մի շարք առանձնահատկություններ ունեն. «Առաջին հերթին դրանք մարքեթինգային խնդիրներ են լուծում, որտեղ ընկերությունները ներկայացնում են իրենց ծառայությունները, այստեղ հավանական գործընկերներ, պատվիրատուներ գտնելու հնարավորություն է ստեղծված »։
Ըստ Հայկ Չոբանյանի՝ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումն իր ձևաչափով ուղղված է բիզնես շրջանակներին, ինչը նպաստում է իրենց մշակած պրոդուկտներն ու առաջարկվող ծառայությունները ներկայացնել հենց գործարարներին։ «Մենք՝ որպես հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, պարտավոր ենք «ԴիջիԹեք»-ին մասնակցել, քանի որ այն նաև ներկայացուցչական միջոցառում է, որտեղ տեսնում ես, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ինչպիսի ընկերություններ կան, ծանոթանում ես նրանց առաջարկներին։ Սա հազվագյուտ առիթ է նաև ՏՏ ոլորտի ընկերությունների միջև հորիզոնական շփումների համար»։
«ԴիջիԹեք» գործարար ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline): Միջոցառումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:
ՏՀՏ ոլորտի երկօրյա համաժողովի ընթացքում, բացի ֆորում-ցուցահանդեսից, կանցկացվի տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանս, որի ընթացքում կքննարկվեն ՏՀՏ և այլ նորարարական տեխնոլոգիական լուծումների արդյունավետ ներդրման ձևերը, մեթոդները և խնդիրները տնտեսությունում։ Տեղի կունենա տեխնոլոգիական սեմինարների շարք, որտեղ շահագրգիռ գործարարներին կներկայացվեն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման առավելությունները, բիզնեսը ՏՀՏ լուծումներով ավելի արդյունավետ դարձնելու մեխանիզմները։
Այս տարի «ԴիջիԹեք» բիզնես ֆորումն անցկացվում է «Smart Country- թվային լուծումներ նորարար տնտեսության համար» խորագրի ներքո։