AM
20 Հունիս 2012 - 09:31 AMT

ԵՄ-ն կօգնի Հայաստանին բարելավել սննդամթերքի վերահսկողության ոլորտը

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկել է «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ Թվինինգ ծրագիրը: Ծրագրի պաշտոնական մեկնարկին ներկա գտնվելու համար Հայաստան են այցելել ԵՄ փորձագետները, այդ թվում Նիդեռլանդներից, Լատվիայից ու Դանիայից:

Գյուղնախարարի տեղակալ Արմեն Պողոսյանը ներկայացրել է նախարար Սերգո Կարապետյանի ողջույնի ուղերձը, որտեղ հատկապես կարևորվել է միջազգային չափանիշների ներդրումը սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման համար: Ուղերձում նախարարը նշել է նաև, որ սննդամթերքի անվտանգության բարձրացումը կարևոր է ինչպես Հայաստանի պարենային անվտանգության, այնպես էլ ընդհանուր առմամբ տնտեսության զարգացման համար:

Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հավելել է, որ այդ ոլորտը գերակա է ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրին միանալու Հայաստանի ճանապարհին: Ըստ նրա, Հայաստանը մեծ աշխատանք պետք է կատարի համապատասխանեցնելու համար գործող չափանիշները միջազգային պահանջների հետ, ինչը ոչ միայն դրական կանդրադառնա արտաքին շուկայում այդ ապրանքների իրացման վրա, այլ նաև դրական կլինի երկրի ներսում սպառողի համար:

Թվինինգ ծրագրի նպատակն է Հայաստանում հզորացնել սննդամթերքի անվտանգությունը և պարզեցնել միջազգային առևտրի իրականացումը: Ծրագրի ֆինանսավորման նպատակով ԵՄ-ն 1 մլն եվրո կներդնի: Ծրագրի իրականացման տևողությունը 21 ամիս է, այդ ընթացքում միջազգային փորձագետները համապատասխան խորհրդատվություն կներկայացնեն միջազգային պրակտիկայի լավագույն չափանիշների ներդրմամբ 4 հիմնական ուղղություններով՝ օրենդրություն, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, տեսչական ստուգումներ և հասարակական իրազեկում: