Լատվիային մոտ 4 տարի պահանջվեց երկրում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության ապահովման ոլորտում եվրոպական չափանիշներ ներդնելու համար, PanARMENIANNet-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լատվիայի Սննդամթերքի և անասնաբուժական ծառայության գլխավոր տնօրեն Մարիս Բալոդիսը: «Այդ ոլորոտում բարեփոխումներին մենք ձեռնամուխ եղանք դեռ 2000թ., իսկ արդեն 2004-ին Լատվիան անդամակցեց ԵՄ-ին»,-ասել է նա:
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկել է «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ Թվինինգ ծրագիրը: Ծրագրի պաշտոնական մեկնարկին ներկա գտնվելու համար Հայաստան են այցելել ԵՄ փորձագետները, այդ թվում Նիդեռլանդներից, Լատվիայից ու Դանիայից:
Ինչ վերաբերում է անմիջապես լատվիացի փորձագետների խորհրդատվությանը, ապա, ըստ նրա, նրանք խորհրդատվություն կտրամադրեն երկու ուղղություններով՝ օրենսդրակաան փոփոխություններ և տեսչական համակարգի ամրապնդում: «Մենք կարող ենք կիսել մեր փորձը, թե ինչպես կարելի է շատ սեղմ ժամանակում փոխել օրենսդրությունն ու հսկողության համակարգը»,-ասել է նա: Նա ուշադրությունը հրավաիրել է այն հանագամանքի վրա, որ օրենսդրության արմատական փոփոխության դեպքում շատ բարդ է լինում վերափոխել աշխատանքը նոր չափանիշները հաշվի առնելով: Բալոդիսը հավելել է, որ այդ գործում նրանց օգնել է ԵՄ-ն տարբեր հիմնադրամների միջոցով, ինչպես նաև երկրի իշխանությունները, սակայն ձեռնարկություններից շատերը փակվել են:
Թվինինգ ծրագրի նպատակն է Հայաստանում հզորացնել սննդամթերքի անվտանգությունը և պարզեցնել միջազգային առևտրի իրականացումը: Ծրագրի ֆինանսավորման նպատակով ԵՄ-ն 1 մլն եվրո կներդնի: Ծրագրի իրականացման տևողությունը 21 ամիս է, այդ ընթացքում միջազգային փորձագետները համապատասխան խորհրդատվություն կներկայացնեն միջազգային պրակտիկայի լավագույն չափանիշների ներդրմամբ 4 հիմնական ուղղություններով՝ օրենդրություն, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, տեսչական ստուգումներ և հասարակական իրազեկում:






