Հայաստանի կառավարությունը արմատապես փոխում է իր տնտեսական քաղաքականության ուղղվածությունը դեպի գիտատար տնտեսություն և առաջարկում է Առևտրի և զարգացման սևծովյան բանկին (ԱԶՍԲ) ներդրումներ անել գերակա ճյուղերում: Այդ մասին հունիսի 22-ին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով «Հայաստան գործարար համաժողով. Աճի ու միջազգային փորձի հնարավորություններ» միջոցառման ժամանակ:
«Մենք բարձր ենք գնահատում այն, որ 2004թ. բանկը բազում ծրագրեր է իրականացրել 75 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, անշուշտ, մենք շահագրգռված ենք շարունակել համագործակցությունը»,-ասել է նա: Վարչապետը կարևորել է այն հանգամանքը, որ ԱԶՍԲ-ը օգնում է երկրին պարզել, թե որ ուղղություններն են առավել գրավիչ ներդրումների առումով:
Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը ԱԺ քննարկմանը ներկայացրեց իր ծրագիրը, որը հավանության արժանացավ: «Կառավարությունը արմատապես փոխում է իր տնտեսական քաղաքականությունը: Մեր նպատակն է ձևավորվել մրցունակ տնտեսություն, որը արտահանման կայուն հատված կունենա պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում»,-ասել է նա: Ինչպես նշել է վարչապետը, այդ նպատակով ՀԲ հետ համատեղ մշակվել է արդյունաբերության զարգացման ռազմավարություն 14 գերակա ուղղություններով, որտեղ Հայաստանը համեմատական առավելություններ ունի: Նա վստահություն է հայտնել, որ այդ ռազմավարության շրջանակներում գաղափարներ կառաջանան, որոնք հետաքրքիր կլինեն ոչ միայն մասնավոր հատվածին, այլ նաև միջազգային կառույցներին»:
Անդրադառնալով առաջիկա տարիների անելիքներին՝ վարչապետն առանձնացրեց ՓՄՁ զարգացման խթանումը:
«Մենք մտադիր ենք նաև բարենպաստ պայմաններ ստեղծել մեկնարկային ձեռնարկությունների համար»,-հավելել է նա: Երկրորդ ուղղությունը մարդկային կապիտալի զարգացումն է սահմանափակ վառելիքային ռեսուրսների ու աշխարհաքաղաքական դիրքի ֆոնի վրա, այսինքն գիտատար տնտեսության ձևավորումը: Եվ այստեղ Տիգրան Սարգսյանն առանձնացրեց ՏՏ ոլորտը, որտեղ վերջին տարիներին գրանցվում է կայուն երկնիշ աճ: Երրորդ ուղղությունը ինստիտուցիոնալ հնարավորությունների աճն է, և այստեղ ևս կան զգալի ռեզերվներ: Մասնավորապես, արդեն կիրառվում է «կանոնակարգող գիլյոտինը» բյուրոկրատական քաշքշուկը վերացնելու համար:
«Վստահ եմ, որ համաժողովը թույլ կտա վեր հանել այն ոլորտները, որտեղ ներդրումներն առավել արդյունավետ կլինեն, իսկ կառավարությունը շահագրգռված է համագործակցել և պատրաստ է աջակցել»,-ասել է նա:






