Հայկական դրամի փոխարժեքի տատանումը ԱՄՆ դոլարի համեմատ, որը վերջերս աճ է արձանագրում, ընթացիկ տարվա հուլիսին կարող է կայունանալ, հունիսի 28-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է FOREX CLUB-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը: «Եթե ներդրողները կայունացնեն իրենց ակնկալիքները համաշխարհային շուկաներից ԵՄ երկօրյա գագաթաժողովի դրական եզրակացությունների արդյունքում, դա ևս կայունացնող ազդեցություն կունենա դրամի փոխարժեքի վրա»,-ասել է նա:
Բրյուսելում մեկնարկած ԵՄ երկրների նախագահների ու վարչապետերի առաջիկա գագաթաժողովում հարց կբարձրացվի եվրոպական բանկային միություն ստեղծելու, առավել մեծ ֆինանսական ինտեգրման, ինչպես նաև պարտքերի կրճատման հիմնադրամի կազմակերպման հնարավորությունները:
Ինչ վերաբերում է ԱՄՆ դոլարի հանդեպ դրամի փոխարժեքի վրա ներքին գործոնների ազդեցությանը, ապա Վերդյանը գտնում է, որ քաղաքական իրավիճակը երկրում, անցած խորհրդարանական և առաջիկա նախագահական ընտրությունները այնքան մեծ ազդեցություն չեն ունենում, որքան համաշխարհային շուկայի միտումները:
Միաժամանակ փորձագետը չի բացառել, որ 1 դոլարի դիմաց դրամի փոխարժեքը կարող է կազմել 425 դրամ, իսկ վատագույն դեպքում, Եվրոպայից ակնկալիքների ֆոնի վրա, 460-470 դրամ մեկ դոլարի դիմաց:






