AM
3 Հուլիս 2012 - 09:26 AMT

«Վանաձոր-քիմպրոմ» գործարանը օգոստոսից պարարտանյութ կարտադրի

«Վանաձոր-քիմպրոմ» ՓԲԸ-ն ընթացիկ տարվա օգոստոս ամսին կսկսի պարարտանյութի արտադրությունը:

Հուլիսի 3-ին գյուղնախարար Սերգո Կարապետյանը և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրեցին համապատասխան հուշագիր: Գյուղնախարարը նշեց, որ առաջին փուլում գործարանը կարտադրի կարբամիդ, որի պահանջը Հայաստանում շատ մեծ է, ինչպես նաև ամոնիումի սուլֆատ: «Մենք սկսում ենք շատ կարևոր գործընթաց, որի շնորհիվ գյուղացիները կստանան որակյալ պարարտանյութ անհամեմատ ցածր գներով»,-հավելեց նա:

Իր հերթին էներգետիկայի նախարարը նշեց, որ քիմիական ոլորտը բավականին դժվարին է և անկախ Հայաստանում առաջին անգամ է գործարկվում այսպիսի արտադրություն: «Վանաձոր-քիմպրոմ» այժմ պատրաստ է ողջ արտադրական շղթան, որը հնարավորություն կտա ապահովել գյուղացիների ռիթմիկ մատակարարումը պարարտանյութով արդեն օգոստոսից»,- ասաց Արմեն Մովսիսյանը:

Գործարանի հզորությունները կազմում են 25 հազար տոննա կարբամիդի գծով, նույն քանակը նաև ամոնիումի սուլֆատի գծով, սակայն, նախատեսվում է, որ առաջիկա տարում գործարանը կարտադրի մոտ 15 հազար տոննա կարբամիդ, ինչով բավականին կկրճատվի պարարտանյութի ներկրումը Հայաստան: Ընդհանուր առմամբ ոլորտը սպառում է տարեկան մոտ 40 հազար տոննա տարբեր պարարտանյութեր: