AM
4 July 2012 - 09:36 AMT

«Light»–ը և «Pro»–ն անսահմանափակ ինտերնետի հնարավորություն են տալիս

«ԱրմենՏել» ընկերությունը Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար գործարկում է «Light» (Լայթ) և «Pro» (Պրո) անսահմանափակ ինտերնետ ծառայություններ: Ընկերության լրատվական բաժնի հաղորդմամբ, ակտիվացնելով նշված ծառայություններից որևէ մեկը, հաճախորդները ստանում են շարժական ինտերնետի անսահմանափակ ծավալ ֆիքսված օրական բաժանորդավճարի դիմաց:

«Light» ծառայությունն ակտիվացնելիս, օրացուցային օրվա ընթացքում սպառված առաջին 30 ՄԲ-ի համար չի գործում արագության սահմանափակում: «Pro» ծառայությունով նախատեսվում է օրական 60 ՄԲ առանց արագության սահմանափակման: Նախատեսված ծավալները սպառելուց հետո, մինչև օրվա վերջ հաճախորդներին տրամադրվում է անսահմանափակ ինտերնետ` արագության սահմանափակումով մինչև 128 կբ/վրկ:

Անսահմանափակ ինտերնետի «Light» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 067430 հատուկ հեռախոսահամարին, հավաքելով *110*30# USSD-հրահանգը կամ ուղարկելով 30 տեքստով SMS-հաղորդագրություն 0674 համարին: «Pro» ծառայությունն ակտիվացվում է զանգով 067460 հեռախոսահամարին, *110*60# USSD-հրահանգով կամ 60 տեքստով SMS-հաղորդագրությունով 0674 համարին: «Light» ծառայության ակտիվացման վճարը կազմում է 90 դրամ, իսկ «Pro»-ն` 150 դրամ: Ծառայությունների օրական բաժանորդավճարը` համապատասխանաբար 90 և 150 դրամ է:

Անսահմանափակ ինտերնետի «Light» և «Pro» ծառայությունները հասանելի են «ԱրմենՏել» ՓԲԸ բջջային կապի կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային» և «Անսահմանափակ» ՍՓ-ների բաժանորդների: