Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները դժվար թե սառեցվեն մինչեւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացումը: Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: «Բնականաբար, բանակցային գործընթացը նոր խթան կստանա Ադրբեջանում ընտրություններից հետո: Սակայն մենք ենթադրում ենք, որ մինչ այդ ընտրությունները եւս որոշ գործընթացներ տեղի կունենան»,-ասել է նա: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հաղորդել է, որ ապրիլին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հարավային Կովկասի տարածաշրջան: Ընդ որում նա որոշ չափով չափազանցված է համարել ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները համանախագահների կողմից ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նոր առաջարկների նախապատրաստման մասին: «Մենք չենք բացառում հավանականությունը, որ համանախագահները նոր փաստաթուղթ են նախապատրաստել, սակայն լավագույն դեպքում դա կլինի հին առաջարկի նորացված տարբերակը, հիմնված նույն սկզբունքների վրա»,-հայտարարել է Վ. Օսկանյանը: