Այսօր ՀՀ-ում գործում է կարգավորում պարունակող շուրջ 26 000 իրավական ակտ, որից 30 տոկոսը ենթակա է կրճատման, իսկ 20 տոկոսը՝ զգալի պարզեցման: Ինչպես լրագրողներին է ասել ՀՀ կառավարությանը կից «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի Ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը, «կարգավորիչ գիլյոտինի» նպատակն է օրենսդրության «զտումը»՝ պարզեցնելու համար գործարարությունը երկրոմ: Դա պյամանավորված է նաև ԵՄ կողմից Հայաստանին ներկայացվող պահանջով:
«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի Ծրագրերի իրականացման գրասենյակը» ստեղծվել էր դեռ անցյալ տարի, սակայն անմիջական գործունեությունը սկսել է միայն ընթացիկ տարվա մայիսին կազմակերպչական հարցերի լուծումից հետո:
Գրասենյակի աշխատանքին աջակցում են ՀԲ-ն ու Ավստրիայի զարգացման գործակալությունը:
Արմեն Եղիազարյանը նշել է նաև, որ որոշակի աշխատանքներ արդեն կատարվել են հանրային ծառայությունների, տրանսպորտի ու առողջապահության ոլորտներում: Մասնավորապես, ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող Բարեփոխումների խորհրդին է ներկայացվելու առաջարկ` պարզեցնելու տաքսիների, դեղատների և ատամնաբուժարանների համար արտոնագրերի ստացման կարգը; 2013-ին նախատեսվում է պարզեցնել օրենսդրությունը մաքսային և հարկային ոլորտներում, ինչպես նաև կրթության ասպարեզում, ինչը թույլ կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերն ու բյուրոկրատական քաշքշուկը:






