AM
13 Հուլիս 2012 - 13:31 AMT

ՀՀ–ում Բելգիայի դեսպան. Բելգիական ընկերությունները հետաքրքրված են հայաստանյան ՏՏ շուկայով

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Գի Տրուվըրուային:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, փոխվարչապետը շնորհավորել է դիվանագետին`առաքելության ստանձման կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նա իր հետագա գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Անդրադարձ է եղել նաև հայ-բելգիական փոխգործակցության ներկա մակարդակին և հեռանկարներին: Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել, որ վերջին տարիներին ընդլայնվում է գործակցության շրջանակը, և բացի ավանդական ադամանդագործության ոլորտից, ընդգրկում է այլ բնագավառներ. ակտիվ են նաև հայ-բելգիական գործարար շփումները: Նա նաև շնորհակալություն է հայտնել Երևանում հիմնվող ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոնին բելգիական կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Երկուստեք հեռանկարային է համարվել գործակցությունը բժշկական սարքավորումների, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Դեսպանը տեղեկացրել է, որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող բելգիական ընկերությունները հետաքրքրված են հայաստանյան շուկայով և խոստացել է ջանքեր գործադրել համագործակցության զարգացման ուղղությամբ: