Հայաստանի կառավարությունը մտադիր է վերականգնել Չարենցավանի արդյունաբերական ներուժը: Այդ մասին քաղաքի գործարար հանրության հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
«Մենք մտադիր ենք առաջիկա տարիներին զարգացնել Չարենցավանի արդյունաբերությունը՝ հաշվի առնելով նոր մոտեցումները, նոր կառուցվածքն ու նոր ուղղությունները»,-ասել է նա: Նախարարը հիշեցրել է, որ կառավարությունը մշակել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն, որի իրականացումը սկսվել է տարվա սկզբից: «Հայաստանը պետք է արտադրի մրցունակ արտադրանք ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին շուկայի համար»,-հայտարարել է Տիգրան Դավթյանը:
Իր հերթին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ողջունել է իշխանությունների ցուցաբերած ուշադրությունը Չարենցավանի հանդեպ, որը նախկինում հայտնի էր իր գործարաններով ու ձեռնարկություններով: Խորհրդային տարիներից ի վեր ավերված ու չգործող գործարաններն աստիճանաբար վերականգնվում են: «Արտադրանքի 35 տոկոսն արտահանվում է և մրցունակ է արտաքին շուկայում»,-հավելել է նա:
Հայաստանի մարզերի զարգացման ծրագիրը անհատական մոտեցում է ենթադրում: Մասնավորապես, Չարենցավանի զարգացման ծրագրի շրջանակներում ՀԲ հետ քննարկվում է ՏՏ կենտրոնի ստեղծման հնարավորությունը, կա մինչև Աղվերան միջանցք ստեղծելու զբոսաշրջային նախագիծ: Արդեն այսօր Չարենցավանում «Ասկե գրուպը» ամրանների գործարան է կառուցում, որտեղ կստեղծվի 300 աշխատատեղ և մասնակիորեն կլուծվի զբաղվածության հարցը:






