AM
18 July 2012 - 11:37 AMT

ԻՏՁՄ-ն պատրաստ է աջակցել սիրիրահայ ՏՏ մասնագետներին Հայաստանում աշխատանք գտնելու հարցում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԻՏՁՄ) իր մտահոգությունն է հայտնում Սիրիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամի կապակցությամբ, ինչի արդյունքում կարող է վտանգվել շուրջ 60.000-անոց սիրիահայ համայնքը:

ԻՏՁՄ լրատվական ծառայությունը հաղորդում է, որ հաշվի առնելով, որ սիրիահայ համայնքում առկա են Բարձր տեխնոլոգիաների (ԲՏ), Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի մասնագետներ և ինժեներներ, ովքեր ներկայիս իրավիճակում հնարավոր է ցանկություն հայտնեն աշխատել պատմական հայրենիքում, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր պատրաստակամությունն է հայտնում իրազեկել հայաստանյան շուրջ 350 ՏՀՏ և 50 ԲՏ ընկերություններին նշված մասնագետների մասին և աջակցել նրանց աշխատանքի ընդունման հարցում:

Նույն խնդրով միությունը դիմել է նաև ՀՀ սփյուռքի և արտաքին գործերի նախարարություններ` խնդրելով ՀՀ դեսպանատան, եկեղեցական կառույցների և սիրիահայ համայնքի համապատասխան մարմինների միջոցով տեղեկացնել սիրիահայերի շրջանում ՏՀՏ և ԲՏ ոլորտի մասնագետներին պատմական հայրենիքում աշխատելու առաջարկի մասին:

ՏՀՏ և ԲՏ սիրիահայ մասնագետները, որոնք ցանկություն կհայտնեն աշխատել հայաստանյան ընկերություններում, կարող են իրենց տվյալներն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին: