ԱՄՆ ղեկավարության հետ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի վերջերս կայացած բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նոր հիմքեր կստեղծեն: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, երեկ Բաքվում հայտարարել է ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ նոր հնարավորությունները կարելի է կենսագործել միայն Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Դեսպանի խոսքերով` համաշխարհային հանրությունն այսօր մտահոգված է իրաքյան խնդրով, սակայն դա չի նշանակում, որ հետաքրքրությունը ղարաբաղյան կարգավորման նկատմամբ նվազել է: «Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում անկայուն է եւ շարունակում է վտանգ ներկայացնել»,- ասել է նա` նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի օգնությամբ «հնարավոր կլինի նոր քայլեր կատարել այդ խնդրի լուծման համար»: