AM
1 Օգոստոս 2012 - 11:21 AMT

Հակամենաշնորհային մարմինը հավաստիացրել է, որ շաքարավազը մուրաբա եփելու այս շրջանում չի թանկանա

Մուրաբա եփելու այս շրջանում Հայաստանի բնակչությունը, որպես կանոն, ակտիվորեն սկսում է շաքարավազ գնել՝ վախենալով, որ պահանջարկի պատճառով գինը կբարձրանա: Մայրաքաղաքի որոշ խանութներում արդեն զգացվում է տնյային տնտեսուհիներին այս օրերին այդքան անհրաժեշտ ապրանքի պակասը: Սակայն, ինչպես հավաստիացրել է PanARMENIAN.Net-ի թղթակցին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Արամ Սահակյանը, մոնիտորինգի արդյունքում շաքարավազի պակասի մասին ահազանգ չի ստացվել: «Շաքարավազի ներքին պահանջարկը Հայաստանում տարեկան կազմում է մոտ 80 000 տոննա, այն դեպքում, երբ Ախուրյանի շաքարի գործարանի արտադրական հզորությունը հասնում է 280 000 տոննայի, ինչը թույլ է տալիս ապահովել նաև հարևան Վրաստանի շաքարավազի պահանջարկը»,-ասել է նա:

Միաժամանակ, ըստ մեր տվյալների, խոշոր սուպերմարկետներում, մասնավորապես, Yerevan City-ում, շաքարավազը վաճառվում է պարկերով՝ լիովին ապահովելու համար պահանջարկը:

Արամ Սահակյանը հավելել է նաև, որ նույնիսկ դրամի տատանումները ԱՄՆ դոլարի հանդեպ, որ արձանագրվել են ՀՀ արժույթի շուկայում, չեն ազդել շաքարավազի արժեքի վրա: Ըստ նրա, շաքարավազը վերջին շրջանում նույնիսկ էժանացել է, կազմելով 410 դրամ 1 կգ դիմաց նախկին 425 դրամի դիմաց, քանի որ շաքարավազ և համապատասխան հումք ներկրողները ձեռք են բերել այն ցածր գնով:

Այնուամենայնիվ, հակամենաշնորհային մարմնի ներկայացուցիչը խոստացել է ևս մեկ անգամ համոզվել, որ շաքարավազի պակաս շուկայում չկա՝ հավաստիացնելով, որ ՏՄՊՊՀ-ն ամենօրյա մոնիտորինգ է անցկացնում շուկայում: Նա կարծիք է հայտնել, որ հնարավոր է առանձին դեպքերում որոշ պակաս զգացվի փոքր առևտրի կետերում բարձր պահանջարկի պատճառով: