Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի ձգձգվող հիվանդությունը բացասական է անդրադարձել երկրի իրավիճակի, եւ մասնավորապես, արտասահմանյան ներդրողների մասնակցությամբ տնտեսական շատ նախագծերի վրա: Ինչպես գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը, միջազգային ֆինանսական ընկերությունները եւ բանկերն այսօր փորձում են Բաքվի ուժն ու դիմացկունությունը: Այսպես, Ադրբեջանի համար այսօր կարեւորագույն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) արտահանող նավթամուղի շինարարության ֆինանսավորումը հետաձգվել է մինչեւ ընթացիկ տարվա աշուն: Նախագծի օպերատոր «British Petroleum Azerbaijan» ընկերության ղեկավար Դեւիդ Վուդվորդը չի բացառել, որ հարցը կլուծվի միայն տարեվերջին: Ներդրողները ֆինանսավորման հետաձգումը ձեւականորեն պայմանավորում են նախագծի բնապահպանական փորձաքննության անցկացման անհարժեշտությամբ (որոշ ոչ կառավարական կազմակերպությունների պնդմամբ): Սակայն վերլուծաբանները խոսում են նման որոշման այլ դրդապատճառների մասին: Իհարկե, Հ. Ալիեւի հիվանդության կապակցությամբ Ադրբեջանում ցանկացած բիզնեսի համար մեծանում է քաղաքական ռիսկը: Սակայն ներդրողները հաշվի են առնում նախ եւ առաջ տարածաշրջանում իրավիճակի փոփոխությունը իրաքյան պատերազմից հետո, ինչի պատճառով լիովին հավանական է ԲԹՋ տիպի նավթամուղների նշանակության նվազումը: Ֆինանսիստները, ըստ ամենայնի, որոշել են ռիսկի չդիմել: