AM
12 March 2003 - 18:02 AMT

ԱՄՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

ԱՄՆ կշարունակեն համագործակցությունը Հայաստանի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես արել են դա վերջին տարիների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը: Այն հարցին թե մտադի՞ր է արդյոք ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, դեսպանը պատասխանել է, որ չի կարող խոսել ԱՄՆ նախագահի անունից եւ ենթադրել, թե կոնկրետ երբ կուղարկվի այդ ուղերձը եւ ինչպիսի բովանդակություն կունենա: Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ համաձայն են Հայաստանում ընտրությունների մասին ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի համատեղ դիտորդական առաքելության եզրակացության հետ: Բացի այդ, նշել է Ջ. Օրդուէյը, Միացյալ Նահանգների դիրքորոշումն արտացոլված է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ: