Հայաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների տեսակետը դատավճիռ չէ, այլ ընտրական գործընթացի լոկ գնահատական, որն արտահայտելով նրանք նպաստում են թերությունների վերացմանը: Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով` պետք չէ քաղաքականացնել այդ գնահատականները, որոնք տրվել են միայն ընտրական գործընթացին, ինչին մասնակցել են եւ ինչի վրա ազդել են երկու թեկնածուներն էլ: Խոսելով Եվրախորհրդի եւ ԱՊՀ դիտորդների գնահատականների տարբերության մասին` մամուլի քարտուղարը նշել է, որ դա «ավելի շուտ գնահատման ստանդարտների տարբերություն է»: «ԱՊՀ դիտորդները գնահատել են Համագործակցության երկրների ընտրությունների փորձից ելնելով, իսկ ԵԽԽՎ` Եվրոպային առանձնահատուկ ստանդարտներով»,- պարզաբանել է Ձ. Աղաջանյանը: Ինչ վերաբերում է ներկայիս ընտրությունների նկատմամբ եվրոպացի դիտորդների պահանջկոտությանը, նա նշել է, որ անցյալ ընտրությունների ժամանակ Հայաստանը դեռ Եվրախորհրդի անդամ չէր եւ որոշակի պարտավորություններ չէր ստանձնել նրա առջեւ: ԱԳՆ մամուլի քարտուղարը հերքել է լուրերն այն մասին, որ Հայաստանի նախագահի թեկնածուների թիկունքում կանգնած են համաշխարհային գերտերություններ: «Վաշինգտոնը միշտ մեծ ուշադրություն է դարձրել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հատկապես` 1996 թվականից սկսած, եւ այստեղ չի կարող հարց լինել որեւէ թեկնածուի նկատմամբ կանխակալության մասին»,- հայտարարել է Ձ. Աղաջանյանը: Ինչպես նշել է մամուլի քարտուղարը` «ցանկացած ընտրություններ ազդում են երկրի վարկանիշի վրա, որի համար պատասխանատու են ոչ միայն իշխանությունները, այլ նաեւ բոլոր քաղաքական ուժերը եւ հասարակությունը»: «Այս տեսակետից ողջունվում է ընդդիմության մտադրությունը` բողոքարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, ինչը վկայում է, որ Հայաստանում հարցերը կարգավորվում են օրինական ճանապարհով»,- ասել է Ձ. Աղաջանյանը: