AM
14 Օգոստոս 2012 - 07:03 AMT

Թումոն մեկ տարեկան է

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արդեն մեկ տարեկան է: Այսօր ժամը 18:30-ից մինչև 20:00 ավելի քան 3000 պատանիներ կհավաքվեն Թումո պլազայում՝ նշելու կենտրոնի մեկամյա հաջողությունները

Անցյալ տարի օգոստոսին Երևանում պատանիների առջև իր դռները բացեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Մեկ տարի անց կենտրոնում արդեն ուսուցանում է 12-18 տարեկան 6000-ից ավելի պատանի, իսկ օրական հաճախումների թիվը գերազանցում է 1000-ը:

Կենտրոնում գործում է Ռոբոտաշինության նախագիծը: Այն հնարավորություն է տալիս Թումո պատանիներին սովորելու ռոբոտների ծրագրավորում LEGO Mindstorms NXT-G գրաֆիկական լեզվով՝ համագործակցելով տեղացի և արտերկրից ժամանած մասնագետների հետ: Երաժշտությամբ հետաքրքրված պատանիների համար անց է կացվում համակարգչային երաժշտության դասընթաց, որի ընթացքում Թումոյի անդամները ստեղծում են երաժշտություն, գրում երգեր, կատարում և ձայնագրում իրենց ստեղծագործությունները:

Թումոն իրականացնում է նաև մի շարք նախագծեր, որոնցում ընդգրկված երիտասարդները ծանոթանում են անիմացիայի ստեղծման աշխատանքներին և մասնագետների աջակցությամբ ստեղծում տեսահոլովակներ:

Թումո կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Ուսուցումը Թումոյում անվճար է: Կենտրոն կարող են հաճախել ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հետաքրքրված բոլոր 12-16 տարեկան պատանիները: