Հարավկորեական Samsung Electronics ընկերությունն իր կայքում հայտարարել է, որ հինգշաբթի օրն ԱՄՆ-ում սկսում է Galaxy Note 10.1 իր նոր Android-պլանշետի վաճառքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
16 Գբայթ հիոշողությամբ պլանշետը Samsung-ն առաջարկել է ռիթեյլերներին վաճառել 499 դոլարով, իսկ 32 Գբայթ հիշողությամբ մոդելը` 549 դոլարով: Samsung-ը չի նշել, թե պլանշետը երբ հասանելի կլինի աշխարհի մյուս երկրներում:
Նորույթն ընդլայնում է Galaxy Note հիբրիդային սարքերի շրջանակները և թույլ տալիս նկարել և նշումներ կատարել մեծ 1280×800 թույլատրելիությամբ 10.1 դյույմանոց էկրանին S Pen գրիչով:
ԱՄՆ-ում Samsung Electronics-ի ստորաբաժանման նախագահ Թիմ Բաքստերը (Tim Baxter) նշել է, որ S Pen-ը նախատեսված է ինչպես կոնտենտ ստեղծելու, այնպես էլ այն կիրառելու համար: Երբ օգտագործողը գրիչը հանում է սարքից, պլանշետն ավտոմատ կերպով ակտիվացնում է ծրագրային հարթակը:
583 գր քաշով սարքը հասանելի կլինի սպիտակ կամ մուգ մոխրագույն գույներով: Պլանշետն ունի երկու խցիկ` 5-մեգապիքսելանոց հիմնական և 1.9-մեգապիքսելանոց ճակատային:
Galaxy Note 10.1-ը կարող է օգնել Samsung-ին ավելացնել իր բաժինը պլանշետների համաշխարհային շուկայում: Երկրորդ եռամսյակի արդյունքներով հարավկորեական արտադրողն իրացրել է շուրջ 2.3 մլն պլանշետներ, ինչը համապատասխանում է 9.2 տոկոս շուկայական բաժնին: Apple-ի բաժինը երկրորդ եռամսյակում կազմել է 69,6 տոկոս: