AM
16 Օգոստոս 2012 - 10:08 AMT

Հայաստանն առաջին անգամ կներմուծի ցորնեի սուպերէլիտային սերմնացու

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 16-ի նիստում թույլատրել է գյուղատնտեսության նախարարությանը ձեռք բերել 20 տոննա ցորենի սուպերէլիտային սերմնացու:

Ինչպես հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, կառավարության այդ որոշմամբ գերատեսչության կողմից կհաստատվի այդ սերմնացուն ստացողների ցուցակը և տասնօրյա ժամկետում կներկայացվի կառավարության քննարկմանը:

Դրա հետ կապված Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առաջին անգամ կներմուծի ցորենի սուպերէլիտային սերմնացու, որոնք կօգտագործվեն հանրապետությունում սերմնաբուծության զարգացման համար:

Բացի դրանից, Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել գյուղացիների համար դիզվառելի սուբսիդավորման ծրագրին: Մասնավորապես, ինչպես հաղորդել է նախարարը, կտրամադրվի 5887 տոննա դիզվառելիք 1 լիտրի համար 350 դրամով:

Վարչապետը հիշեցրել է, որ համանման որոշում էր ընդունվել նաև գարնանացանի աշխատանքին օժանդակելու համար։ «Այժմ նույնպես բոլոր մարզերից հավաքել ենք գյուղացիական տնտեսությունների ներկայացրած ամբողջ պահանջարկը և լրիվ բավարարելու ենք այն,- հավելել է Տիգրան Սարգսյանը։- Ըստ էության, պետությունը սուբսիդավորում է դիզվառելիքը, որպեսզի այն ավելի մատչելի գնով հասնի գյուղացուն»։