AM
29 August 2012 - 10:21 AMT

Բրունո Դյութուան հրաժեշտ է տվել Հայաստանին

«Օրանժ Արմենիա» ընկերության նոր գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի ներկայացմանը նվիրված մամլո ասուլիսում ընկերության դեռևս գործող ղեկավար Բրունո Դյութուան շնորհակալություն է հայտնել Հայաստանին, նրա իշխանություններին, ընկերության աշխատողներին և բաժանորդներին: «Օրանժի բոլոր ձեռքբերումները հնարավոր են դարձել «Ֆրանս Տելեկոմի» աջակցության հաշվին, աշխատողների և բաժանորդների կուռ խմբի շնորհիվ, որոնք մեծ վստահություն են հանդես բերել ընկերության նկատմամբ»,- ասել է Դյութուան օգոստոսի 29-ին Երևանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում:

Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարությանն աջակցության և իր գործունեության համար հավասար մրցակցային հնարավորություններ ստեղծելու համար: Նա ի սրտե շնորհակալություն է հայտնել Հայաստանին և հայերին երկրում գտնվելու 4 տարիների ընթացքում ձեռք բերած հմտությունների և հետաքրքիր անցկացրած տարիների համար: