AM
29 Օգոստոս 2012 - 13:00 AMT

Հայաստանի պետպարտքը 2012թ. հունվար-հուլիսի տվյալնելով կազմում է 4,252 մլրդ դոլար

Հայաստանի ընդհանուր պետպարտքը 2012թ. հունվար-հուլիսի տվյալնելով կազմում է 4,252 մլրդ դոլար, որից 3, 708 մլրդ դոլարը արտաքին պետական պարտքն է, որի 3,100 մլրդ դոլարը Հայաստանի կառավարության պարտքն է, իսկ մնացած գումարը՝ Կենտրոնական բանկի պարտքն է: Ներքին պարտքը կազմում է 544 մլն դոլար: Այդ մասին օգոստոսի 29-ին Երևանում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Հայաստանի պետպարտքի սպասարկումը 2012թ. հունվար-հուլիսին իրականացվել է նախատեսված ծրագրի շրջանակում, այն լիովին կառավարելի է եղել, սպասարկման ուշացումներ չեն արձանագրվել»,-ասել է նա:

Ըստ նրա, պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը այսօր կազմում է մոտ 46 տոկոս՝ նախաճգնաժամային 13-14 տոկոսի դիմաց: Նա հիշեցրել է, որ այս ցուցանիշն ու հնարավոր ռիսկերն ամրագրված են ՀՀ «Պետական պարտքի մասին օրենքում», որի համաձայն որոշակի մտավախություն է առաջացնում 50 տոկոսի ցուցանիշը, իսկ պետպարտք/ՀՆԱ 60 տոկոսի մակարդակը համարվում է վերջնական: Այնուամենայնիվ, Ատոմ Ջանջուղազյանը հորդորել է չվախենալ առկա պետպարտքից, քանի որ այլ երկրներում այդ ցուցանիշը հասնում է նույնիսկ 100 տոկոսի, և նրանք դա ռիսկային չեն համարում: «Հայատանը երբեք չի դասվել չվճարունակ երկրների շարքին, որոնք վատ են սպասարկում պետական պարտքը»,-ասել է նա:

Նա հավելել է նաև, որ Հայաստանի համար պետպարտքի սպասարկման առումով բավականին բարդ շրջան կլինի 2013-2014թթ.՝ հավելելով, որ երկիրը կհաղթահարի այդ դժվարությունները: Ռիսկերի թվում Ջանջուզաղյանը նշեց փոխարժեքի տատանումը, քանի որ հարկերը բյուջե են մուտքագրվում դրամով, իսկ երկիրն իր վարկերի դիմաց վճարում է ԱՄՆ դոլարով: