AM
4 Սեպտեմբեր 2012 - 05:54 AMT

«Ժողովուրդ». Հայաստանի առևտրաշրջանառությունն իր հարևան երկրների հետ շատ քիչ է

Թերթը գրում է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունն իր հարևան երկրների հետ բավական ցածր է, և օրինակ այս տարվա առաջին յոթ ամիսներին արտահանման ծավալները կազմել են ընդհանուրի`10 տոկոսը: Սա ավելի քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-հուլիսին» վերնագրով զեկույցի` 2012թ. առաջին յոթ ամիսների ընթացքում ՀՀ-ից Վրաստան արտահանումը կազմել է ընդհանուր ծավալի 5.9 տոկոսը, Իրան` 6.5 տոկոսը, Թուրքիա` 0.1 տոկոսը: Իսկ արտահանման առյուծի բաժինը կազմել են հանքահումքային նյութերը, թանկարժեք ու ոչ թանկարժեք մետաղները, քարերը: «Ըստ էության, պատճառը կոնֆլիկտներն են: Եթե Ադրբեջանի հետ կոնֆլիկտը լուծված լիներ ու հարաբերություններ ունենայինք, եթե Թուրքիայի հետ սահմանը բաց լիներ ու երկաթուղին գործեր, տրանզիտը գործեր, իրավիճակն այլ կլիներ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` հավելով որ մենք արտահանում ենք ոչ մրցունակ ապրանք: