AM
7 March 2003 - 18:19 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԷԻՆ ՆՐԱՆ, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՃԱՆԱՉԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հայաստանի իշխանություններին չի զարմացնում այն հանգամանքը, որ ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, լրագրողներին այսօր հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանը` նշելով այն փաստը, որ ընդդիմության առաջնորդները դեռեւս մի քանի ամիս առաջ հայտարարում էին ընտրությունների արդյունքները վիճարկելու մտադրության մասին: Ավելին, նրա խոսքերով, ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին թեկնածու Ստեփան Դեմիրճյանի շահերը ներկայացնող բոլոր վստահված անձինք եւ հանձնաժողովների անդամները «իրենց ղեկավարներից ցուցում էին ստացել վիճարկել ընտրությունների արդյունքները յուրաքանչյուր ընտրատեղամասում»: Սակայն, ինչպես ընդգծել է Ս. Սարգսյանը, «Դեմիրճյանի վստահված անձանցից շատերի համար ճշմարտությունն ավելի թանկ էր»: Ընդդիմությունն իրավունք ունի վիճարկել ընտրությունների արդյունքները օրենքի շրջանակներում, հակառակ դեպքում Հայաստանի իրավապահ մարմինները լիազորված են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները երկրում անվտանգության եւ կայունության ապահովման համար, ասել է Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբի պետը: