Համագործակցությունն Իրաքի հետ Հայաստանի համար մեծ հնարավորություններ է բացում, քանի որ այդ հարևան երկիրը, որը հսկայական շուկա ունի, լուրջ ծրագրեր է իրագործում, որոնցից Հայաստանը չի կարող հեռու մնալ: Այդ մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Ռաուշ Նուրի Շաուեյսիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կգտնվի սեպտեմբերի 4-7:
Ըստ նախարարի, Իրաքի շուկան կհետաքրքրի հայ արտահանողներին, որոնք կկարողանան արտահանել ինչպես արդյունաբերական, այնպես էլ գյուղատնտեսական ապրանքներ: Կան արդեն որոշ ծրագրեր, սակայն, փոքր ծավալներով:
«Վստահ եմ, որ մեր համագործակցությունն Իրաքի հետ մեծ հեռանկարներ ունի, և այսօր մենք աշխատանքի լուրջ փուլ ենք մեկնարկում»,-ասել է նա:
Իր հերթին Ռաուշ Նուրի Շաուեյսին հավելել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը բխում է երկու ժողովրդների շահերից: «Մեր այցի նպատակն է ակտիվացնել մեր հարաբերություններն ու առավել բարձր մակարդակի հասցնել»,-ասել է նա:
Հյուրը խոստովանել է, որ այցելությունների արդյունքում պարզ է դարձել, որ համագործակցության ուղիները բազմաթիվ են՝ առևտրից ու զբոսաշրջությունից սկսած մինչև գյուղատնտեսություն ու այլ ուղղություններ: Նա հավելել է նաև, որ Իրաքը զարգացող երկիր է և շատ են ներդրումային հնարավորությունները: Միաժամանակ Իրաքի փոխվարչապետը կարևորել է իրավանորմատիվային բազայի ստեղծումը, որպեսզի «երկու երկրների ներդրողներն իրենց պաշտպանված զգան», իսկ երկու երկրների ղեկավարությունը պետք է նպաստի դրան:






