AM
6 Սեպտեմբեր 2012 - 14:10 AMT

ՀՀ կառավարությունը կավելացնի իր բաժնեմասը «Հայռուսգազարդի» կապիտալում

Սեպտեմբերի 6-ի նիստի ժամանակ ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասի ավելացման որոշում:

Ըստ այդմ, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքների սեփականությունը հանդիսացող ավելի քան 139 մլն դրամ ընդհանուր արժեքով գազատարները նվիրաբերվելու են Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։

Իր հերթին էներգետիկայի նախարարությունը պետք է Հայռուսգազարդի ղեկավարին առաջարկի թողարկել լրացուցիչ բաժնետոմսեր: Վերը նշված գույքով վճարվելու է ընկերության կողմից թողարկված լրացուցիչ բաժնետոմսերի ձեռք բերման դիմաց։

«Հայռուսգազարդ» ՓԲԸ ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է «Գազպրոմ» ԲԲԸ-ին, իսկ 20-ը ՀՀ կառավարությանը` ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։