AM
7 March 2003 - 17:38 AMT

ԱՄՆ-Ը «ԽՈՐԱՊԵՍ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ա ՄՆ-ը «խորապես հիասթափված են» Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական խախտումների կապակցությամբ: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ռիչարդ Բաուչերը: Հայտարարությունում նշվում է, որ Միացյալ Նահանգները համաձայն են ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ դիտորդական առաքելության նախնական կարծիքին, համաձայն որի մարտի 5-ին Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքում նշվել են «լուրջ խախտումներ բազմաթիվ ընտրատեղամասերում», իսկ ընտրական գործընթացը «չի համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին»: Ռ. Բաուչերը նշել է, որ «Հայաստանի ղեկավարությունը բաց թողեց կարեւոր հնարավորություն` զարգացնելու ժողովրդավարությունը վստահելի ընտրություն անցկացնելու միջոցով»: «Մենք կոչ ենք անում կառավարությանը դուրս գալ Ժողովրդավարական Հայաստան կառուցելու ճանապարհ, սկսելով ընտրախախտումների լիակատար – թափանցիկ ուսումնասիրություն, պատասխատու անձանց պատասխանատվության ենթարկում եւ այլ քայլերի ձեռնարկում` ուղղված հասարակական վստահության վերականգնմանը»,-ասվում է Ռ. Բաուչերի հայտարարությունում: Նա կոչ է արել ընդդիմությանը «ընտրության հետ կապված իրենց հիմնավորված բողոքներին հետամուտ լինել իրավական գործընթացների եւ խաղաղ բողոքարկման ճանապարհով: Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին խուսափել հետընտրական բռնությունից եւ գործել Հայաստանի սահմանադրությանը համապատասխան»: Հայտարարությունում նշվում է նաեւ, որ «ԱՄՆ ողջունում է Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կայացած հեռուստաբանավեճը նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանի միջեւ, ինչպես նաեւ տեղական դիտորդների ներկայությունը այցելած տեղամասերի 50%-ից ավելում»: