Ինչպես հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, Հայաստանը Եվրասիական միությանը մասնակցելու պաշտոնական հրավեր դեռ չի ստացել:
«Այդ միությանը մասնակցելու պաշտոնական հրավեր մենք չենք ստացել այն պարզ պատճառով, որ դեռ չեն ավարտվել Եվրասիական միության ձևաչափի մասին բանակցությունները»,- ասել է վարչապետը:
Միաժամանակ, նա հավելել է, որ «մենք ուրախ ենք, որ Հայաստանը մասնակցում է այդ քննարկումներին»: Վարչապետի խոսքով, այդ հարցը գտնվում է կառավարության օրակարգում: Տիգրան Սարգսյանը նաև նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ինտեգրացիոն գործընթացներում ինչպես ԵվրԱզԷս-ի, այնպես էլ ԱՊՀ-ի և Եվրամիության շրջանակներում: «Մենք սխալ ենք համարում հակադրել այդ ինտեգրացիոն գործընթացները, ինչի հետ իրենց հայտարարություններում համամիտ են ռուսական իշխանությունները»,- ասել է նա և հավելել, որ այդ ինտեգրացիոն գործընթացները պետք է լրացնեն միմյանց:
Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ «չի կարող ինչ-որ խաղերի մեջ մտնել և դիվանագիտություն խաղալ, քանի որ դա վտանգավոր է փոքր երկրի համար»: Նրա խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը թափանցիկ է իր գործընկերների համար:






