AM
18 Սեպտեմբեր 2012 - 07:58 AMT

Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի ժամանակ քննարկվել է Սաֆարովի արտահանձնման հարցը

Սեպտեմբեր 13-ից 14-ը Հունաստանի Կրետե կղզում գումարված Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի տարեկան ժողովի ընթացքում քննարկվել է նաև Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից:

ԵԵԿ Կենտրոնական կոմիտեի անդամները ցավ են արտահայտել Ադրբեջանի նախագահի կողմից հանցագործին շնորհված անհարդուրժելի ներման կապակցությամբ` իրենց համերաշխությունն ու զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն` աղոթելով, որ արդարությունը հաստատվի և ազգերի միջև թագավորեն խաղաղությունն ու փոխըմբռնումը: Այս առնչությամբ Կենտրոնական կոմիտեն պաշտոնական գրություն է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Ցավալի իրողության առիթով հայ ժողովրդին իր զորակցությունն է հայտնել նաև Հնդիկ Մալանկարա Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բասիլիոս Մարթովմա Պողոս Երկրորդը: