Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնին: «Հույս ունենք, որ Ձեր այցը հնարավորություն կտա գտնել երկկողմ համագործակցության նոր եզրեր:
Կարծում եմ` մենք կարող ենք էապես բարձրացնել հայ-բրիտանական տնտեսական համագործակցությունը, որի մակարդակն այսօր ցածր է»,- ասել է Տիգրան Սարգսյանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:
Դեյվիդ Լիդինգթոնն իր հերթին նշել է, որ Մեծ Բրիտանիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը և պատրաստ է դիտարկել հնարավոր ներդրումներին առնչվող հարցեր:
Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներն՝ ուղղված փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, հարկային և մաքսային վարչարարության կրճատմանը, ազատ տնտեսական գոտիների ստեղծմանը և այլն:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման աշխատանքներին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:






