AM
21 Սեպտեմբեր 2012 - 09:48 AMT

Վաղը մեկնարկում է StartUp Հայաստանի առաջնությունը

StartUp Cup-ի հիմնադիրները արդեն ժամանել են Երևան՝ վարելու Build-A-Business Weekend (Կառուցիր բիզնես) երկօրյա սեմինարը, որով կմեկնարկի Հայաստանի ստարտափների առաջնությունը (Armenia StartUp Cup): StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի նպատակն է խրախուսել գործարար ստարտափները և խթանել նոր կազմակերպությունների մուտքը շուկա:

Հայաստանում StartUp Cup-ի առաջին փուլի ընթացքում սեպտեմբերի 22–23-ին Build-A-Business Weekend-ի ընթացքում կմշակվեն և կքննարկվեն գործող բիզնես մոդելներ և կիրականցվի վերապատրաստում մասնագետների կողմից: Միջոցառման ավարտին տասներկու լավագույն նախագծերը կմասնակցեն մրցույթի երկրորդ փուլին:

Օրեր առաջ Հայաստանում StartUp Cup-ին միացավ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը, որի նպատակն է աջակցել ստեղծարարության և նորարարության տարածմանը՝ մրցույթի միջոցով խթանելով նոր տեխնոլոգիաների արտադրանքների ներդրումը:

Build-A-Business Weekend-ը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում: Մասնակցությունը նախնական գրանցումով է: Այդ օրերին մասնակիցները կկազմեն կենսունակ բիզնես-մոդելներ, կձևավորեն հաճախորդների շրջանակ և կխթանեն իրենց ստարտափները դեպի շուկա` ժյուրիի և փորձառու մասնագետների հետ քառամսյա աշխատանքից հետո: Armenia StartUp Cup մրցույթի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին՝ Գլոբալ ձեռնարկատիրական շաբաթվա ընթացքում կայանալիք մրցանակաբաշխությանը:

StartUp առաջնությունը նոր բիզնես-մոդելների մշակման միջազգային մրցույթ է, որը հիմնվում է նախաձեռնողական և տեղի ներուժի օգտագործման սկզբունքների վրա` թույլ տալով մրցույթին ներկայացնել ցանկացած բիզնես-գաղափար: Մրցույթի ընթացքում մասնակից ձեռներեցներին կուսուցանեն, խորհրդատվություն կտրամադրեն և կուղղորդեն տեղի շուկայում թրծված փորձառու մասնագետները: