Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում տուգանել է 27 տնտեսվարող սուբյեկտների, որոնք պետգնումների մրցույթի արդյունքներով սննդամթերք են մատակարարել մանկապարտեզներին, նախորդ տարվա եկամուտի 1 տոկոսի չափով, անբարեխիղճ մրցակցության համար: Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող ֆինանսական միջոցները և որքանով են բարեխիղճ աշխատում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները:
Վարույթի շրջանակներում ուսումնասիրվել է հանրապետության ողջ տարածքում գործող 575 մանկապարտեզի գործունեությունը: Արդյունքում բացահայտվել են ոչ միայն մրցութային կանոնների խախտման, այլ նաև մատակարար ընկերությունների կողմից անբարեխիղճ վարքագծի տասնյակ դեպքեր:
ՏՄՊՊՀ կողմից բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ տնտեսվարողները մանկապարտեզների հետ կնքել են կարագի մատակարարման պայմանագիր, սակայն կարագի փոխարեն սփրեդ՝ բուսասերուցքային խառնուրդ, են առաքել, իսկ հաշիվ-ապրանքագրերում ներկայացրել որպես էժան սերուցքային կարագ:
Այսպես է վարվել օրինակ «Լույսաշխարհ» ՍՊԸ-ն, որը շահել էր մանկապարտեզներին կարագ մատակարարելու մրցույթը: Ավելին, ըստ հանձնաժողովի, ընկերությունը գերշահույթ է տացել՝ 1265 դրամով գնելով «Տուլչինսկի» սփրեդը և վաճառելով այն մանկապարտեզներին 1800 դրամով: Հանձնաժողովը ընկերությանը մեղադրել է անբարեխիղճ մրցակցության մեջ, որին նրա լիազոր ներկայացուցիչը հայտարարել է, թե տնտեսվարող սուբյեկտները տեղեկություն չունեն այն մասին, որ սփրեդը կարագ չէ, և ներկայացնում են այն որպես էժան կարագ:
Իր հերթին ՏՄՊՊՀ ներկայացուցիչն ապացուցել է, որ արտադրողի հավաստագրում հստակ գրված է , որ դա սփրեդ է,. ոչ թե կարագ: «Մենք դա որպես էժան կարագ առաքում ենք մանկապարտեզներին, քանի որ նրանք գնման այնքան ցածր գին են նշում, որ այդ գնով կարագ հնարավոր չէ ձեռք բերել»,-ասել է նա: Նա հավելել է, որ ընկերությունը միաժամանակ շահել է մրցույթը նաև զելանդական կարագի առաքման համար, որն օգտագործվում է ուտելու համար, այն դեպքում երբ սփրեդը խոհարարներն ավելացնում են ճաշի մեջ: Եվ իրոք, տնտեսվարող սուբյեկտները սփրեդը առաքել են մանկապարտեզներին 1000-1600 դրամով 1 կգ համար, այն դեպքում երբ կարագը շուկայում 2 անգամ ավելի թանկ է:
Բացի այդ, հանձնաժողովը բացահայտել է նաև, որ մանկապարտեզների տնօրենները, հատկապես մարզերում, հատկացված միջոցներով ձեռք են բերել այնպիսի սննդամթերք, որը չի մտնում երեխաների սննդակարգի մեջ՝ սուրճ, սուջուխ, պահածոներ, կծու բիբար: Այդ ապրրանքների գներն արտացոլված են հաշիվ-ապրանքագրերում:






