2011-ի բյուջեով Հայաստանի կառավարության աշխատակազմի բոլոր ծրագրերի իրագործմանը տրամադրվել է 35 մլրդ դրամ: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հաղորդել է Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Նրա խոսքով, միջոցները հիմնականում ուղղվել են խոշոր ծրագրերի իրագործմանը, որոնց շարքում` Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի ծրագրերը` 27 մլրդ դրամ, սոցիալական հիմնադրամի ծրագրեր` 3,5 մլրդ դրամ, և մի շարք գյուղատնտեսական ծրագրեր, որոնք ուղղված են գյուղի հնարավորությունների բարձրացմանը, ինչպես նաև քաղաքային ջեռուցման ապահովմանը:
Դրա հետ կապված նա հավելել է, որ մնացած գումարը 3 մլրդ դրամի չափով ուղորդվել է այլ ծրագրերի իրագործմանը, այդ թվում, վերլուծական և տեղեկատվական ծրագրերի ֆինանսավորմանը, ինչպես նաև Զարգացման հայկական գործակալության ֆինանսավորմանը և կառավարության աշխատակազմի պահպանմանը:
«Ընդհանուր առմամբ, կատարողականության ցուցանիշը կազմել է 95 տոկոս: Դա ավելի ցածր է, քան կարող էր լինել, քանի որ 2011-ի արդյունքներով ապահովվել է գյուղատնտեսական հնարավորությունների բարձրացման ծրագրի ցածր ցուցանիշ»,- ասել է Դավիթ Սարգսյանը:
Պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետևություններ է կատարել Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի հաշվետվության վերաբերյալ: «Ուշադրություն դարձնելով ձեր ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշներին, կարելի է հանգել եզրակացության, որ պլանավորվել է կատարողականության ավելի ցածր ցուցանիշ, բայց այն գերակատարվել է: Դա նշանակում է լրացուցիչ ջանքեր: Ունեցել է դա արդյոք ֆինանսական հետևանքներ, եթե այո, ապա որքան, եթե ոչ, ապա ստացվում է, որ դուք շահագործում եք ձեր աշխատողներին»,- ասել է նա:
Դավիթ Սարգսյանը պատասխանել է, որ չգիտի, թե ինչ գերակատարված ցուցանիշների մասին է խոսում Մինասյանը, «իսկ աշխատողներին աշխատակազմը չի շահագործում»:






