Սեպտեմբերի 27-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Յալթա` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Նիստին կքննարկվեն ավելի քան 20 փաստաթղթեր, որոնք ուղղված են ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, ինչպես նաև տնտեսական, մարդասիրական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը: Կքննարկվեն նաև անվտանգության հարցեր:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք։






