Համաձայն նախագահի թեկնածու, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի տեղեկատվության, այսօր մի շարք ընտրատեղամասերում նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչները փորձել են խանգարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նորմալ ընթացքը: Քոչարյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Վահագն Մկրտչյանն այսօր «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել է, որ գործող նախագահի շտաբն արձանագրում է բոլոր նման բողոքները եւ դրանք կներկայացնի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը: Մեկնաբանելով Ստեփան Դեմիրճյանի շտաբի հայտարարությունները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «զանգվածային խախտումների» մասին, Վահագն Մկրտչյանը կարծիք է հայտնել, որ նման քայլեր ձեռնարկելով, ընդդիմությունը փորձում է տպավորություն ստեղծել Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու անհնարինության մասին: