Տեղական ժամանակով 15:00-ի դրությամբ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի կապակցությամբ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է 13 դիմում-բողոք: Ինչպես տեղեկացրել է ԿԸՀ իրավախորհրդատու Նունե Հովհաննիսյանը, բողոքների մեծամասնությունը ստացվել է Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների կողմից եւ վերաբերում է, մասնավորապես, տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմի փոփոխմանը: Նա պարզաբանել է, որ նման փոփոխությունները նախատեսված են ՀՀ ընտրական օրենսգրքով: «Ներկայացված բողոքների մեծ մասը վերաբերում է լիազորված անձանց վարքագծին, որոնք ճնշում են գործադրում ընտրական հանձնաժողովների անդամների վրա»,- նշել է խորհրդատուն: Բոլոր դիմումները, նրա խոսքերով, կներկայացվեն համապատասխան իրավական մարմիններին, որից հետո նրանց վերաբերյալ կձեռնարկվեն կոնկրետ գործողություններ: