Սեպտեմբերի 27-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրել է ՀՀ Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանին տեղեկատվություն ներկայացնել Հնդկաստանից Հայաստան գոմեշի մսի ներկրման մասին: Պետծառայության պետը հայտնել է, որ 2011 թվականին Հնդկաստանից Հայաստան է ներկրվել շուրջ 10 հազար տոննա գոմեշի միս 6 ընկերությունների կողմից՝ «Ալեքս Գրիգ»՝ 61,2 տոկոս, «Պարգև»՝ 17 տոկոս, «Մոկոնատ»՝ 9,5 տոկոս, «Ունիվերսամ Ավան»՝ 3,5 տոկոս, «Մուշ»՝ 2,3 տոկոս, «Արմեն- Համիկ եղբայրներ»՝ 60 տոկոս:
Միաժամանակ 2012 թվականի 9 ամիսների տվյալներով ներմուծվել է շուրջ 5 հազար տոննա գոմեշի մսի բրիկետ 5 ընկերությունների կողմից՝ «Պարգև»՝ 34,23 տոկոս, «Արմեն- Համիկ եղբայրներ»՝ 23,52 տոկոս, «Ալեքս-Գրիգ»՝ 18,17 տոկոս, «Սամ սեր գրուպ»՝ 13,05 տոկոս, «Ունիվերսամ Ավան»՝ 11,06 տոկոս:
Աբրամ Բախչագուլյանը նշել է, որ մսի ներկրմամբ զբաղվում են այն ընկերությունները, որոնք մսի արտադրության ոլորտում 10-ամյա փորձ ունեն: Ավելին, ըստ նրա, յուրաքանչյուր խմբաքանակ համապատասխան փորձաքննության է ենթարկվում սահմանին և միայն դրանից հետո հանվում շուկա:
Այդ առնչության Տիգրան Սարգսյանը հորդորել է քաղաքական ուժերին չզրպարտել իրեն, կապելով գործընթացն իր անվան հետ: «Դրանք հանրությանը հայտնի ընկերություններ են, և թվարկված ընկերությունների հետ ես ոչ մի կապ չունեմ»,-ասել է նա:






