AM
27 Սեպտեմբեր 2012 - 10:03 AMT

HSBC. Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության միայն 3 տոկոսն է ֆինանսավորվում բանկային գործիքներով

Արտաքին առևտրի գործարքների ֆինանսավորման առավել արդյունավետ և շահավետ գործիքներից է փաստաթղթային ակրեդիտիվը, որը թույլ է տալիս մի կողմից նվազագույնի հասցնել առաքված ապրանքի համար չվճարելը, մյուս կողմից` առաքման համար պարտականությունները չկատարելը: Այդ մասին հայտարարել է HSBC բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Արթուր Պետրոսյանը բանկի կողմից կազմակերպված Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի սեմինարի ընթացքում: Նրա խոսքով, փաստաթղթային ակրեդիտիվի կիրառումը թույլ է տալիս վճարումներ կատարելու պայմաններն առավելագույն հարմար դարձնել ինչպես ներկրողի, այնպես էլ արտահանողի համար:

Արթուր Պետրոսյանը նշել է, որ բոլոր ներկրողները և արտահանողները գործողություններն իրականացնելիս բախվում են որոշակի ռիսկերի հետ, մասնավորապես, տրանսպորտի, ապահովագրության և լոգիստիկայի ոլորտներում: Վերջին տարիներին ամենավտանգավորը դարձել է գործընկերների որոնումը և ինտերնետի միջոցով կանխավճարներ կատարելը, որտեղ գրանցված են հազարավոր կեղծ ընկերությունները, որոնք զբաղվում են խարդախությամբ: Նրա խոսքով, առևտրի բանկային ֆինանսավորման դերն աճում է նաև կապված նրա հետ, որ ճգնաժամից հետո ընկերությունները չեն համաձայնվում աշխատել արտահանման ուղղությամբ առանց ինչ-որ երաշխիքների:

Նա հավելել է, որ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության միայն 3 տոկոսն է ֆինանսավորվում բանկային գործիքների միջոցով, մնացած 97 տոկոսը` ռիսկային և ոչ այդքան շահավետ գործարքներ են, քանի որ բանկային գործիքները թույլ են տալիս ավելի արդյունավետ սխեմաներ կիրառել ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման համար:

Առևտրի ֆինանսավորման ակադեմիան ստեղծվել է 2010-ի հունիսին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի համագործակցության շրջանակներում և նպատակ ունի օժանդակել Հայաստանում գործող ներմուծող-արտահանող ընկերություններին առևտրային հնարավորություններից քաղել առավելագույնը: Էյչ-Էս-Բի-Սի Առևտրի ֆինանսավորման ակադեմիաները հաջողության են հասել Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ բանկերի գործունեության մի շարք երկրներում. Եվրոպայում դրանք են Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Վրաստանը: