Հայաստանում մրգի և բանջարեղենի մթերման գործընթացը շարունակվում է նորմալ ռեժիմով, սեպտեմբերի 28-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Նրա խոսքով, որոշ դժվարություններ են առաջացել Տավուշի մարզում, կապված նրա հետ, որ Իջևանի գինու-կոնյակի գործարանը հրաժարվել է դեղձ մթերել, սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցությունից հետո այդ խնդիրը լուծվել է: «Երկրի նախագահի միջամտությունից հետո դեղձի և լոլիկի մթերման ծավալը բարձացել է 30-40 տոկոսով»,- ասել է նա:
Ինչպես հաղորդել է փոխնախարարը, 2012-ին բանջարեղենի պահանջարկը կազմել է 59 500 տոննա, իսկ մրգի` 32 500 տոննա:
Վերամշակող ընկերությունների կողմից արդեն մթերվել է 26 000 տոննա միրգ և բանջարեղեն, ինչպես նաև 35 000 տոննա խաղող: Նա նաև հաղորդել է, որ վերամշակող ընկերությունները պայմանագրեր են կնքել 6 900 ֆերմերների հետ միրգ և բանջարեղեն մթերելու գծով, որոնցից 5 900-ը` խաղողի մթերման պայմանագրեր: «Ընկերությունները վճարում են իրականացնում տեղում կամ 7-10 բանկային օրվա ընթացքում, այնուամենայնիվ, նրանք մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը պետք է վճարեն ֆերմերներին»,- ասել է նա:
Ինչ վերաբերվում է մթերվող գյուղատնտեսական արտադրանքին, ապա, մասնավորապես, առատ բերքի պատճառով այս տարի 1 կգ դեղձը մթերվել է 50 դրամով, ինչը ցածր է անցած տարվա գնից, 1 կգ պոմիդորը` 35 դրամով, խաղողը` 1 կգ համար 140 դրամով (10 դրամով ավելի):






