AM
28 Սեպտեմբեր 2012 - 09:47 AMT

Սեպտեմբերի 27-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 12 628 տոննա ծիրան

Հայաստանն առաջընթաց է արձանագրում միրգ և բանջարեղեն արտահանելու ոլորտում, սեպտեմբերի 28-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով, սեպտեմբերի 27-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 21 435 տոննա միրգ և բանջարեղեն, մասնավորապես, ծիրան` 12 628 տոննա, դեղձ` 906 տոնա, խաղող` 3000 տոննա, կեռաս` 1100, բանջարեղեն` 3 200:

Դրա հետ կապված նա բերել է նույն շրջանի անցած տարվա տվյալները, որոնց համաձայն արտահանվել է 11 000 տոննա միրգ և բանջարեղեն, որոնցից 7 300 տոննա ծիրան, 240 տոննա դեղձ, 940 տոննա խաղող, 670 տոննա կեռաս և 1500 տոննա բանջարեղեն: «Այսպիսով, այս տարի արտահանվել է 2 անգամ ավելի միրգ և բանջարեղեն»,- ասել է նա:

Ընդհանուր առմամբ, փոխնախարարի խոսքով, 2011-ին արտահանվել է 16 800 տոննա միրգ և բանջարեղեն 2010-ի 12 400 տոննա ցուցանիշի փոխարեն: «Արտահանման գործընթացը շարունակվում է, և դրա ծավալները դեռ կաճեն: Այժմ ակտիվ կերպով տեղի է ունենում խաղողի արտահանում, իսկ հետո ձեռնամուխ կլինենք կարտոֆիլի արտահանմանը»,- հավելել է նա: