Հոկտեմբերի 5-7-ը կանցկացվի «ԴիջիԹեք-2012» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը հնարավորություն կտա նորովի բացահայտել Երևանը եռաչափ պատկերավորմամբ: «Լոկատոր» ընկերությունը կներկայացնի նաև «Մոլորակ» նախագիծը։ Այն Հայաստանի քաղաքների եռաչափ մոդելավորումն է Google Earth համակարգում:
Փորձառու 3D մոդելավորողները, գրաֆիկական դիզայներները, ճարտարապետներն ու ծրագրավորողները բազմաթիվ նախագծային աշխատանքներ են կատարել Երևանի մանրակրկիտ նախագծման և եռաչափ մոդելավորման համար:
«Լոկատոր» ընկերությունում համոզված են, որ նորագույն այս նախագիծն իր դրական արդյունքը կունենա մի շարք ասպարեզներում։ Մասնավորապես, ծրագրի հիմնական նպատակներից մեկն ազգային PR-ն է: Այս նախագծի շնորհիվ հնարավոր կլինի ազդել միջազգային հանրության կարծիքի վրա՝ ձևավորելով դրական իմիջ Հայաստանի մասին և նպաստել բազմաթիվ հայանպաստ ծրագրերի իրականացմանը:
«Մոլորակ» նախագիծը թույլ կտա զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում՝ դրանով նպաստելով պատմամշակութային արժեքների, հանգստյան տների, հյուրանոցների, ակումբների ներկայացմանը, իր տեղը կունենա նաև երկրի արտաքին տնտեսական համագործակցության համատեքստում:
«Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանի համոզմամբ` ընտրելով աշխատանքի դժվար ուղին` իրենք Հայաստանում նեևկայանում են մշտապես նորարարություններով ու բացառիկ ծրագրերով: Նրա խոսքով` ընկերության արտադրանքի սպառման հիմնական շուկան Հայաստանն է, սակայն նպատակ ունեն դուրս գալ նաև արտասահմանյան շուկաներ։
Ընկերությունը 2007թ.-ից Հայաստանում առաջարկում է տրանսպորտային միջոցների երթուղայնացման և կառավարման համակարգ, որն օգտագործում է GPS/GLONASS դիրքորոշման համակարգի և բջջային հեռախոսացանցի ռեսուրսները (GSM GPRS): Տիեզերքից կատարված բարձրորակ լուսանկարների հիման վրա ընկերության մասնագետների կողմից ստեղծված Հայաստանի քարտեզը հնարավորություն է տալիս մեծ ճշգրտությամբ որոշել վերահսկվող օբյեկտի աշխարհագրական դիրքը, արագությունն ու շարժման ուղղությունը:






