AM
5 March 2003 - 16:20 AMT

ԺԱՄԸ 13-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է 628 ՀԱԶԱՐ 203 ԸՆՏՐՈՂ

Ժամը 13:00-ի դրությամբ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել է 628 203 ընտրող, ինչը կազմում է ընտրազանգվածի 27,25 տոկոսը: Այդ տվյալները, որոնաք ստացվել էին 56 տեղամասային ընտրական հանձնաժողովներից, հրապարակեց ԿԸՀ փոխնախագահ Համլետ Աբրահամյանը: Նրա ասելով, տվյալ պահի դրությամբ Եր-անում քվեարկել է 186 510 մարդ, այսինքն` ընտրողների 25 տոկոսը: Արագածոտնի երկու տեղամասերում քվեարկել է ընտրողների 27,5 տոկոսը, Արարատի մարզում` 19,8 տոկոսը, Արմավիրի մարզում` 29,5 տոկոսը, Գեղարքունիքի մարզում` 32,7 տոկոսը, Լոռու մարզում` 26,8 տոկոսը, Կոտայքի մարզում` 27,3 տոկոսը, Շիրակի մարզում` 24 տոկոսը, Սյունիքի մարզում` 38,5 տոկոսը, Վայոց Ձորի մարզում` 31,8 տոկոսը, Տավուշի մարզում` 36,7 տոկոսը: Աբրահամյանի ասելով, բնակչության ակտիվությունն առաջին փուլի համեմատությամբ առանձնակի փոփոխություն չի կրել: Ինչպես նշեց ԿԸՀ փոխնախագահը, բավականին մեծ թվով հայտեր եւ բողոքներ են ստացվել, որոնք առնչվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում փոփոխություններին: Նրա ասելով, այժմ նրանք դասակարգվում են եւ պարտադիր կարգով օպերատիվ լուծում կստանան: