AM
29 Սեպտեմբեր 2012 - 11:24 AMT

Երևանում մեկնարկել է TEDxYerevan 2012-ը

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է երրորդ TEDxYerevan կոնֆերանսը: Միջոցառումն իր շուրջ է հավաքել ավելի քան 300 առաջատար մտածողների այնպիսի բազմազան ոլորտներից, ինչպիսիք են ճարտարապետությունը, արվեստը, կրթությունը, ձեռնարկատիրությունը և մի շարք այլ բնագավառներ:

Այս տարի կոնֆերանսի խորագիրն է «Փոփոխությանն ընդառաջ»: TEDxYerevan 2012-ը բեմ բարձրացրեց 15 բանախոսների, ովքեր կիսում են փոփոխությանը վերաբերող իրենց փորձն ու մտքերը տարբեր հարթություններում` այդ թվում անձնական, ինստիտուցիոնալ, սոցիալական և ազգային: Միջոցառման ընթացքում մի շարք հեռանկարներ ընդգծվեցին` սկսած հանրային առողջության և անձնական կենսակերպի դաշտում փոփոխություն մտցնելուց մինչև կարծիքների և մտածողության բազմազանության կարևորությունը:

Միջոցառմանն աջակցում են մի շարք կազմակերպություններ, այդ թվում պաշտոնական գործընկեր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Սինոփսիսը, Ստորակետ ճարտարապետական ստուդիան, ABBYY-ն, IREX Armenia-ն, Mojo ըմպելիքները, Green Dayօրգանական խանութը-ը, Inn Serenity յոգայի կենտրոնը, PanArmenian Photo-ն, JurJur ընկերությունը և ArmNews TV-ն:

TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիրէ, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: TEDx միջոցառումների ընթացքում կենդանի ելույթ ունեցող բանախոսների և TED Talks տեսանյութերի ցուցադրման համադրումը ունկնդիրների միջև իմաստալից քննարկման և կապի առիթ է ստեղծում: TED կոնֆերանսներն ընդհանուր ուղղություն են տրամադրում TEDx ծրագրին, սակայն վերջիններս անկախ հիմունքներով են կազմակերպվում, որը ենթակա է որոշակի կանոնակարգման:

TED-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: Սկիզբ առնելով որպես քառօրյա ծրագիր Կալիֆորնիայում 25 տարի առաջ` TED-ն այժմ վերաճել է մի կառույցի, որն աջակցում է այն գաղափարներին, որոնք միտված են փոխելու աշխարհը տարբեր նախաձեռնությունների միջոցով: TED-ի ամենամյա համագումարը հրավիրում է ողջ աշխարհի առաջատար մտածողներին և գործողներին` խոսելու 18 րոպե: Նրանց ելույթներն այնուհետև հասանելի են դառնում համացանցում` TED.com կայքում, անվճար հիմունքներով: TED բանախոսներ են եղել Բիլ Քլինթոնը, Ալ Գորը, Ջեյն Գուդոլը, Էլիզաբեթ Գիլբերթը, պրն. Ռիչարդ Բրենսոնը, Նանդան Նիլեկանին, Ֆիլիպ Սթարքը, Նգոզի Օկոնյո Իուեալան, Իզաբել Ալենդեն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը: