TEDxYerevan 2012 կոնֆերանսը Հայաստանում կայացավ: Միջոցառումն իր շուրջ էր հավաքել ավելի քան 300 առաջատար մտածողների այնպիսի բազմազան ոլորտներից, ինչպիսիք են ճարտարապետությունը, արվեստը, կրթությունը, ձեռնարկատիրությունը և մի շարք այլ բնագավառներ:
Այս տարի կոնֆերանսի խորագիրն էր «Փոփոխությանն ընդառաջ»: TEDxYerevan 2012-ը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում բեմ բարձրացրեց 15 բանախոսների, ովքեր կիսում են փոփոխությանը վերաբերող իրենց փորձն ու մտքերը տարբեր հարթություններում` այդ թվում անձնական, ինստիտուցիոնալ, սոցիալական և ազգային: Միջոցառման ընթացքում մի շարք հեռանկարներ ընդգծվեցին` սկսած հանրային առողջության և անձնական կենսակերպի դաշտում փոփոխություն մտցնելուց մինչև կարծիքների և մտածողության բազմազանության կարևորությունը:
Այդպես, Kanjoya ընկերության հիմնադիր և ղեկավար Արմեն Բերջիկլին ներկայացրեց իրավիճակ, երբ փոփոխություն կատարելու ընտրություն չկա: Իր մոտ ընկերներից մեկի առողջական ծանր ախտորոշումն իմանալուց հետո Բերջիկլին սկսեց ստեղծել առցանց համայնքներ, որոնք կոչված էին հետազոտության և համագործակցության շնորհիվ պահպանել հույսը: Հիմա էլ նրա տարերքն է ստեղծել այնպիսի գործեր, որոնք կմիավորեն մարդկանց` բարելավելու միմյանց կյանքը, ինչպես նաև գտնել նոր ձևեր` տեխնոլոգիաները հուզական իրազեկման հասցնելու համար:
SarkissianMason ընկերության հիմնադիր և ղեկավար Պատրիկ Սարգսյանը խոսեց այն մասին, թե ինչպես պետք է մարտահրավեր նետել ու նվաճել փոփոխությունը: Սարգսյանը ցանկություն ունի վերստեղծել հայկական ինքնությունը և գտնել տեխնոլոգիաների միջոցով մարդկանց թրաֆիքինգը դադարեցնելու նորարար ձևեր, ինչի համար 2012-ին հովանավորել է համաշխարհային մի դրամաշնորհ:
«Լույս» հիմնադրամի ղեկավար Ժաքլին Կարաասլանյանը օգնեց TEDx-ի մասնակիցներին կրթությունը կապել սոցիալական փոփոխության հետ: Կարաասլանյանը բացահայտեց փորձված ձևեր, թե ինչպես պետք է ոգևորել երիտասարդներին` մասնակցելու ապագայի կերտմանը: Իսկ առողջ ապրելակերպի կողմնակից Մադլեն Մինասյանը քննարկեց անառողջ սնվելու վտանգները:
TEDxYerevan 2012-ը բեմ բարձրացրեց նաև Հայաստանում մինչև հիմա ամենաերիտասարդ TEDx խոսնակին` 16-ամյա Մարկ Փափազյանին, ով տարբեր երկրներում ու մշակույթներում ապրելու և ճամփորդելու իր փորձի հիման վրա խոսեց փոփոխության հեռանկարի մասին: Խոսնակներից Կարեն Հակոբյանը ներկայացրեց յուրաքանչյուր առավոտը դիմավորելու հետաքրքիր մի ձև, իսկ Էմիլ Ասլանյանը և Սիմա Քաննինգհեմը զարգացրեցին փոփոխության հասկացությունը արվեստի և ստեղծարարության տեսանկյունից: Ճանաչված լուսանկարիչ Արա Օշականը նույն ոգով խորհեց ինքնության վավերագրական պատկերման շուրջ:
Այս ամենին զուգահեռ հայտնի ճարտարապետ Բեռնարդ Խուրին մասնակիցներին ծանոթացրեց խնդրահարույց միջավայրերում տեղ գտնող փոփոխություններին ու միջամտություններին: Ունենալով միջազգային հեղինակություն և ճարտարապետական դիզայնի էականորեն բազմազան պորտֆոլիո` Խուրին խոսեց կոնֆլիկտային միջավայրերում փոփոխության հնարավորության մասին, և թե ինչպես է
այն ազդում հասարակության վրա:
Մասնակիցները հնարավորություն ունեցան խորհելու այն մասին, թե ինչպես է փոփոխությունը ազդում հայ հասարակության վրա` որպես գլոբալ համայնքի մի մաս: Հաջողակ ձեռնարկատեր Դեյվիդ Բեքեթը ներկայացրեց, թե ինչպես Հայաստանում բնակվող ակտիվ հաճախորդների հասարակությունը կարող է փոխել սպասարկման ոլորտը երկրում, իսկ Սամվել Մարտիրոսյանը քննարկեց այն հարցը, թե ինչպես
է սերունդների տարբերությունը ազդել կրթության վրա: Կոնֆերանսն ամփոփվեց Սևան Կաբակյանի` Հայաստանի մասին ոգեշնչող պատմվածքով:
TEDxYerevan 2012-ը մատուցեց նաև մի հիանալի պարային պլաստիկ ներկայացում «Միհր» թատրոնի կատարմամբ, ինչպես նաև հաղորդավար, երգիծաբան Սերգեյ Սարգսյանի անակնկալ բեմելը և TEDxKids@Yerevan 2012-ի մի քանի մասնակիցների հատուկ ելույթը:
Միջոցառմանն աջակցում էին մի շարք կազմակերպություններ, այդ թվում պաշտոնական գործընկեր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Սինոփսիսը, «Ստորակետ» ճարտարապետական ստուդիան, ABBYY-ն, IREX Armenia-ն, Mojo ըմպելիքները, Green Day օրգանական խանութը-ը, Inn Serenity յոգայի կենտրոնը, PanARMENIAN Photo-ն, JurJur ընկերությունը և ArmNews TV-ն:






